суббота, 28 июня 2014 г.

Թուրքական պատմության թաքնված էջերը. համշենահայեր: Մաս 2

Հոդվածի սկիզբը Մաս 1

Համշենահայերին պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի. քրիստոնյա համշենահայեր, ովքեր ապրում են Աբխազիայում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ու խոսում են համշենահայկական բարբառով, սուննի-մահմեդական հայախոս համշենցիներ (խոփա-համշենցիներ), ովքեր ապրում են Թուրքիայի Արդվինի մարզում գտնվող Խոփայում ու Բորչկայում եւ իրենք իրենց կոչում են համշենցի կամ հոմշենցի,  եւ  սուննի-մահմեդական թրքախոս համշենցիներ (բաշ-համշենցիներ), ովքեր ապրում են Թուրքիայի Ռիզե մարզում եւ իրենք իրենց կոչում են համշլի:
Խոփա-համշենցիները կորցրել են իրենց կրոնն ու շատ ավանդույթներ, նրանք որդեգրել են թուրքական միջավայրի շատ տարրեր, բայց կարողացել են պահպանել իրենց լեզուն, եւ հենց լեզվի շնորհիվ է, որ նրանք ճանաչում են իրենց հայկական արմատներն ու իրենց համարում են հայեր:
«Սա փաստում է այն, որ ամեն ինչ կորցրած, բայց լեզուն պահպանած յուրաքանչյուր ազգ չի ձուլվի այլոց հետ եւ միշտ կարող է վերադառնալ իր արմատներին»,- ասում է լրագրող Վահան Իշխանյանը: Իշխանյանի գիդերն իր թուրք գործընկերներն էին՝ «Բիր Յեշամ» (մեկ կյանք)  մշակութային եւ բնապահպանական կազմակերպության նախագահ Ջեմիլ Աքսուն եւ Հարուն Աքսուն: 63-ամյա Ջեմալ Վայիչը՝ խոփա-հետազոտող Ջեմիլ Աքսուի աները, ով համշենցի է, ասում է, որ մանուկ հասակից գործածել է իրենց լեզուն եւ դեռ պահպանում է այն: «Մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից, ես մինչեւ վերջ համշենցի կմնամ, ու գիտեմ, որ համշենցիները հայերից են սերում»:
Ջեմալ Վայիչն ասում է, որ եթե հայերն ավելի հաճախ այցելեն ու կապ պահպանեն իրենց հետ, իրենք հնարավորություն կունենան կատարելագործել իրենց լեզվական հմտությունները: Վայիչի տան բոլոր անդամները, մինչ դպրոց գնալը, չեն գիտեցել թուրքերեն ու խոսել են միայն Համշենի բարբառով: Աքսուն ասում է, որ խոփա-համշենցիներին այլոց հետ ձուլելու քաղաքականությունը սկսվել է 1980-ականներին եւ Համշենի բարբառն աստիճանաբար զիջել է թուրքերենին:
Հարուն Աքսուին պատկանող «Հայտեհ Բարում» Իշխանյանը հանդիպել է Մումի Յըլմազին: Հենց նրանք մտել են բար, Յըլմազը բարեկամաբար պարզել է ձեռքն ու ասել, որ ինքն էլ է հայ: Երբ նրան հարցրել են, թե որտեղից է իրեն հայտնի, որ ինքը հայ է, այն պարագայում, երբ ոչինչ չգիտի պատմության մասին, նա պատասխանել է. «Ինձ անհրաժեշտ չէ իմանալ պատմությունը, ասելու համար, որ հայ եմ: Իմ պապն է իմ պատմությունը: Նա է ինձ ասել, որ դա է ճշմարտությունը: Այն ամենը, ինչ ինձ հայտնի է, իմ պապից է գալիս: Իմ պապն իջել է լեռներում գտնվող գյուղից, որ վաճառի իր ունեցածը՝ կաթ, յուղ, որեւէ բան: Նրան բռնել են, ասել, որ հայ է, ու դաժան ծեծի ենթարկել: Գողացել են նրա ձին, ապրանքը, ամեն ինչ: Իսկ դրանից առաջ՝ լեռներում, նրանք մեր կյանքը դժոխքի են վերածել: Մենք քաղցած էինք մնում օրերով, իսկ երբ իջնում էինք լեռներից, նրանք անընդհատ ծեծում էին մեզ: Նրանք մեզ հատուկ առանձնացրել էին որպես հայեր: Բայց հիմա մենք իջել ենք լեռներից եւ նրանք այլեւս չեն կարող մեզ հալածել»:
Մի խանութպան աշխուժացել է, իմանալով, որ թղթակիցը հայ է ու հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում հայերը գիտեն իրենց մասին: Հետո ավելացրել է. «… մենք վաճառել ենք մեր կրոնը… մենք վաճառել ենք մեր քրիստոնեությունն ու դարձել մահմեդական»: Նույնիսկ այն համշենցիները, ովքեր խուսափում են իրենց կոչել հայեր ու իրենց թուրք են համարում, չեն կարող խուսափել նույն տարածքում ապրող այլ ժողովուրդների արհամարհանքից, ովքեր հեգնանքով նրանց «էրմենի» (հայ՝ թուրքերեն) են անվանում:
Ի հակադրություն խոփա-համշենցիների, ովքեր ընդունում են իրենց հայ ինքնությունը, բաշ-համշենցիները ժխտում են իրենց հայկական ծագումը, բայց, օրինակ, տոնում են Վարդավառը (հայկական քրիստոնեական տոն, որը մինչքրիստոնեական ժամանակաշրջանի շատ տարրեր է պարունակում) եւ մահացածներին թաղում դագաղների մեջ, ի տարբերություն մահմեդականների, ովքեր մահացածին միայն պատանքով են փաթաթում ու թաղում: «Եթե համշենցուն հարցնես, թե ինքն ով է, նա կասի՝ համշենցի եմ: Եթե հարցնես, թե ով է համշենցին, նա շփոթմունքի մեջ կընկնի»:

Комментариев нет:

Отправить комментарий